Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Մամուլի նախկին ներկայացուցիչ Փաշինյանը չի առաջնորդվում մամուլի հրապարակումներով

Մամուլի նախկին ներկայացուցիչ Փաշինյանը չի առաջնորդվում մամուլի հրապարակումներով
15.05.2025 | 12:24

«Նստեք տեղներդ, ձայններդ կտրեք, ներվերս էլ չուտեք, վեր ընգի տեղդ ասեցի, ներվերս չուտես»․ անցյալ շաբաթ Կառավարություն–ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ այպիսին էր Փաշինյանի պատասխանը, մասնավորապես, կոռուպցիայի մասին ընդդիմության հարցին։

Նախ հիշենք, թե ինչ տեղի ունեցավ մայիսի 7-ին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, Փաշինյանին հիշեցնում է, որ իր կառավարությունը 4․5 մլրդ դրամ է տրամադրել «ԱՆԻՖ» պետական ներդրումային ֆոնդին, որը լուծարվել է, խոսում է Մասիվի թաղապետի կողմից իր համայնքի բնակչի նկատմամբ կիրառած բռնության դեպքի մասին: Գրիգորյանը նաև հիշեցնում է ավիացիայի ոլորտում ձախողումների և մամուլում պարբերաբար լուսաբանվող չարաշահումների և կոռուպցիոն դեպքերի մասին, որոնց հետքերով կառավարությունը չի գնում։

Ընդդիմադիր պատգամավորի այս հարցադրումներին դեռ հավասարակշռությունը լիովին չկորցրած Փաշինյանը պատասխանում է ․

«Դուք ասում եք՝ Փաշինյանի կառավարությունը 4,2 մլրդ դրամ տվել է «ԱՆԻՖ»-ին, Փաշինյանի կառավարությունը ՀՀ բյուջեն կրկնապատկել է և 4,2 մլրդ դոլարի լրացուցիչ եկամուտ է բերել Հայաստանին։ Ինչ վերաբերում է Նոր Նորքի թաղապետի դեպքին, ապա ես ասացի, որ դա մեզ համար անընդունելի է: Եթե մեկն ասի, որ «Հանրապետություն» կուսակցությունը նույն ընկալումը չունի, ես կզարմանամ շատ խիստ, եւ դրանից պետք է բխեն հետեւանքներ»,- նշել էր Փաշինյանը:

Վարչապետի այս հայտարարությանը Աննա Գրիգորյանը այսպես էր արձագանքել:

«Նախ, անկեղծ, ես, միևնույն է, չեմ հասկանում, թե այդտեղ հպարտանալու ինչ կա, որ մեդիաներում ամենօրյա ռեժիմով կոռուպցիոն նոր դեպքեր են արձանագրվում: Հպարտանալու տեղ պետք է լիներ, երբ որ այդ կոռուպցիոն դեպքերը բացահայտվեին»,- ընդգծել էր ընդդիմադիր պատգամավորը:

Գրիգորյանի բոլոր պնդումներից, սակայն, կարծես թե հենց վերը նշված խոսքերն էին, որոնց պատճառով Փաշինյանը կորցրեց հոգեկան հավասարակշռությունը՝ պատգամավորին արձագանքելով սոցիալական դիսֆունկցիայով տառապող հիվանդի նման․․․․

«Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը: Առաջինը դու պիտի գնաս ու դու կգնաս (նկատի ունի այդ պահին խոսող Սեյրան Օհանյանին): Մամուլը ձեր մասին գրում է, որ օտարերկրյա գործակալ եք, հինգերորդ անիվ եք, ազդեցության գործակալ եք: Նստեք տեղներդ, ձայններդ կտրեք, ներվերս էլ չուտեք, վեր ընկի տեղդ ասեցի, ներվերս չուտես»,- ԱԺ-ում գոռգոռում էր ՀՀ վարչապետը:

Փաշինյանն այս կերպ պնդում էր, որ կոռուպցիայի մեջ թաթախված է հենց ընդդիմությունը և իրավունք չունի խոսելու կոռուպցիայից՝ առավել ևս մեղադրելու կառավարող խմբակցությանը դրա մեջ։

Նույնիսկ ավելորդ ենք համարում հիշեցնել, որ Փաշինյանի «ազատ, արդար» ընտրությունների արդյունքներով «Հայաստան» դաշինքը հավաքել է 300․000–ից ավել ձայն, ինչի հետ Փաշինյանը, որպես «ժողովրդավար» երկրի առաջնորդ, պետք է համակերպվի՝ պատրաստ լինելով ընտրված ընդդիմությունից լսել իր հասցեին հնչող ցանկացած մեղադրանք։

Մեր այս հոդվածում կկենտրոնանանք այլ հանգամանքի վրա։

2011 թվական, մայիս

Մինչ Փաշինյանին ձեռքերի վրա բոլորը կբերեին իշխանության՝ «Հայկական ժամանակ» և «Օրագիր» թերթի գլխավոր խմբագիրը լրագրողի շղարշի տակ զբաղված էր ոչ թե հանրության համար, այլ հանրության վրա աշխատելով։ Ընդ որում առնվազն 18 տարի շարունակ։

«Մամուլի հրապարակումներով» չառաջնորդվող վարչապետը մի ժամանակ ինքն էր ուղղորդում լայն մասսաներին և դատավորներին՝ ամեն օր 100 դրամի դիմաց մարդկանց ներկայացնելով «վերին ատյանի ճշմարտությունը»։

Հիմնականում անանուն աղբյուրներին հղում անելով, երբեմն նաև ուրիշի անվան տակ հանդես գալով՝ Փաշինյանն իր թերթը «սև ցուցակ» դարձրած, ամեն օր իր թերթում մեղավորներ էր կարգում։ Դատավոր, դատախազ, վարչապետ, ՊՆ նախարար, առողջապահության նախարար, կրթության նախարար, դպրոցի պահակ, բոլորը․․․․ ով պաշտոն ուներ, նա արդեն իսկ Փաշինյանի թիրախում էր․․․ մինչև չվճարեր իր մասին հոդված չգրելու համար։

Իսկ ո՞վ էր այն ժամանակ ուղղորդում Փաշինյանին, ո՞վ էր այդ անանուն, բայց գերվստահելի աղբյուրը, որի միջոցով Փաշինյանը Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող իր գրասենյակում նստած նրա միջոցով ինֆորմացիա էր ստանում։

Ինչու՞ վարչապետ Փաշինյանը չի դիմում իր նախկին «ինֆորմատորին» կամ առաջնորդվում իր ընտանեկան թերթում նախկինում արված հրապարակումներով․ այդժամ, վստահաբար, «ոչ մի մուկ չի պլստա»։

Նիկոլի «լրագրողական պորտֆեյլը» այնքան լի է տարատեսակ «բացահայտումներով», որ դրանից կարող է օգտվել ոչ միայն ինքը, այլև ՀՀ ապագա իշխանությունները։

Իսկ գուցե այդ հոդվածները փաստազու՞րկ էին։

Հիշենք Նիկոլ Փաշինյանի դեմ 90-ականներին հարուցված քրեական գործերը:

ԵՊՀ միջազգային ամբիոնի վարիչ Նորիկ Այվազյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ նոյեմբեր 30, 1999 թվական

Այվազյանը կրկնեց իրեն, որ Փաշինյանի հրապարակումները կոնկրետ միտումներ են ունեցել եւ պատվերով են եղել. «Հոդվածը գրվել է մայիսի 20-ին, նախընտրական քարոզարշավի ամենաեռուն փուլում, երբ թեկնածուները զգում էին՝ ով առավել շանսեր ունի… գրվել է որոշակի անձանց պատվերով։ Նիկոլ Փաշինյանն ինձ ասել է, որ դուք ինձնից լավ գիտեք՝ ում պատվերն է…»։ Ն. Փաշինյանն ասաց, որ ինքն ասել է՝ «Դուք եք պատվերների մասին խոսում, ուրեմն դուք էլ գիտեք։ Ես պատվերների հետ չեմ առնչվում»։ Ապա նիստի թեմա դարձավ այն, որ «Օրագիրը» չի տպագրել հերքումը։ «Օրագիրը» փակվել է, եւ այժմ Ն. Փաշինյանը խմբագրում է «Հայկական ժամանակը», որը բոլորովին այլ թերթ է, իրավաբանական ուրիշ անձ է, եւ հիմնադիրներն էլ տարբեր են։ Բնականաբար, ինչո՞ւ «Օրագրի» հերքումը պիտի տպագրի «Հայկական ժամանակը», հետո՞ ինչ, որ խմբագիրը նույն մարդն է։

«Արտաշես Գեղամյանի ոսկու կարասը»․ Պլուզյանն ընդդեմ Փաշինյանի

Ըստ մեղադրական եզրակացության «պարզվել» է, որ ս.թ. մայիսի 20-ի «Օրագիր» թերթի «համարում» «գործով չպարզված ոմն «Ն. Մ.-ի» կողմից ներկայացված նյութի հիման վրա Փաշինյանը տպագրել է նաեւ «Ա. Գեղամյանի ոսկու կարասը» վերնագրով Պլուզյանին եւ նրա ամուսնուն, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանին նշավակող, ակնհայտ զուտ հերյուրանքներ, հայտնելով, թե 1993 թ. Պլուզյանը «… իր հետ վերցրել էր, թերեւս, տան եղած-չեղածը, լավ տարիների ընթացքում կուտակած ողջ ոսկեղենը եւ փորձել էր մաքսանենգ ճանապարհով Հայաստանից դուրս բերել…»։ Նախաքննական մարմինը ցնցված է, թե Ա. Պլուզյանին զրպարտելը զուգորդվել է ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրելու հետ… Օգոստոսի 27-ի դատական հերթական նիստի ժամանակ (որին ուշի-ուշով հետեւում են Ամերիկայի իրավաբանների միության ներկայացուցիչները – Ռ. Մ.), Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մինչ այս հրապարակումը, փաստի առթիվ ինքն անձամբ, ինչպես եւ թղթակիցը՝ Նաիրա Մամիկոնյանը հանդիպել են մաքսային վարչության նախկին պետ Երջանիկ Աբգարյանի հետ, որն ամենատեղեկացվածն էր եւ «մաքսանենգության ամեն մի դեպք զեկուցվում էր նրան»։

Արտաշես Գեղամյանի կնոջ՝ Անուշ Պլուզյանի վերաբերյալ պատմությունը վերաշարադրելուց հետո մեղադրական եզրակացության մեջ նման հաստատում է արված. «Հատկանշական է, որ վերոհիշյալ զրպարտող եւ վիրավորական հոդվածները տպագրվել են հենց այն ժամանակամիջոցում, երբ ինչպես ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ Նորիկ Այվազյանը, այնպես էլ հանրապետությունում հայտնի քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը մասնակցել են ԱԺ ընտրարշավին որպես պատգամավորության թեկնածուներ։

Լեւոն Քոչարյանն ընդդեմ «Հայկական ժամանակ»–ի

2009 թ. փետրվարի 6-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի առաջին էջում տպագրվեց հետևյալ տեղեկատվությունը. «Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը: Ըստ հավաստի աղբյուրների` կրտսեր Քոչարյանի հետ ձերբակալվել են նաև Մոսկվայում հայտնի դատախազ Գենայի որդին և ևս երկու հոգի: Կրտսեր Քոչարյանի համար եղել են բազմաթիվ միջնորդություններ, սակայն տեղի իրավապահները նրան բաց են թողել չորս օր պահելուց հետո միայն, այն էլ` զանազան փաստաթղթերի պահանջով: Ըստ մեր աղբյուրների` Լևոն Ռոբերտի Քոչարյանը ձերբակալվել է հասարակական վայրում անկարգություններ անելու համար»: Նույն օրն իսկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքեց տպագրված տեղեկությունը` նշելով, որ «վերջին անգամ Լեւոն Քոչարյանը Դուբայում եղել է 2007 թվականի դեկտեմբերին»: 2009 թ. մարտի 25-ին Լևոն Քոչարյանը դիմել է դատարան` «Հայկական ժամանակ» օրաթերթից պահանջելով հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները և փոխհատուցել նյութական ու բարոյական վնասը: «Վերոնշյալ հոդվածում զետեղված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող տեղեկություններ…: Հայցվորը թե’ Ամանորին, թե’ դրանից օրեր առաջ, մասնավորապես դեկտեմբերի 15-30-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է ՀՀ տարածքում, հետևապես չէր կարող նաև հոդվածում նշված վայրում` Դուբայում և ժամանակահատվածում` Ամանորից օրեր առաջ լինել հարբած վիճակում, և առավել ևս ձերբակալվել Դուբայի ոստիկանության կողմից, ուստի` այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, դրանք խեղաթյուրված են և չեն հանդիսանում հավաստի տեղեկություններ»

Այս բոլոր գործերով Փաշինյանն ու նրա ընտանիքին պատկանող թերթը դատարանում պարտվել է։ Իրականում 10-ից ավելի անգամներ խմբագիր Փաշինյանը քրեական գործերով է անցել, հիմնականում զրպարտության համար, և դրանց գերակշիռ մասով դատարանում պարտություն է կրել, իհարկե չհաշված «Մարտի 1-ի» գործը, երբ Սերժ Սարգսյանի օրոք համաներում ստացավ։

«Գերագույն գլխավոր խմբագիրն», իհարկե, թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա թիվ մեկ մեղավոր ու պատասխանատու է համարում դատաիրավական կոռումպացված համակարգին, որն իհարկե իդեալական չէր ոչ այն ժամանակ, ոչ էլ առավել ևս հիմա, սակայն, Փաշինյանի «պատ ծակող փաստարկները» երբեք չեն քննվել իր սիրած եվրոպական դատարաններում։ Դեռ ավելին՝ շատ գործերով էլ դատարանը պարտադրել է նրան բարոյական փոխհատուցում վճարել․․․ Իսկ թե ովքեր էին օգնում 90-ականների համար ահռելի մեծ գումարները, կանդրադառնանք մեր առաջիկա հոդվածում։

Իսկ վերջում արձանագրենք։ Եթե, ի հեճուկս Փաշինյանի, նախկինների հանցագործությունները բացահայտելու համար առաջնորդվենք հենց 90-ականների մամուլի հրապարակումներով, ապա անգամ դա բավարար կլինի Նիկոլից 15-20 տարով ձերբազատվելու համար։

Fact-Check.am-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ